ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ

Արցախի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
28.05.2020 | 13:40

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, տոն, որն ունի յուրահատուկ իմաստ ու խորհուրդ բոլորիս համար: 1918-ին Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը շրջադարձային նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում՝ զբաղեցնելով իր առանձնահատուկ տեղը մեր բազմադարյա պատմության մեջ: Հարյուրամյակներ շարունակ զրկված լինելով պետականությունից, ենթարկվելով ցեղասպանության ու հայրենազրկման՝ հայը կարողացավ կրկին ոտքի կանգնել ու պաշտպանել իր հողը, սեփական հողի վրա ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը, վերակերտել պետականությունն ու ամուր հիմք ստեղծել հուսալի ապագայի համար: Կարճ ժամանակահատվածում կայացան պետական ինստիտուտները, ընդունվեցին պետական խորհրդանիշները, կազմավորվեց Հայոց բանակը: Այդ ամենը հնարավոր դարձավ մեր պետական այրերի անխոնջ ջանքերի, քաջ զինվորների ու հրամանատարների հերոսության ու սխրանքի, հայրենիքի հանդեպ ունեցած նրանց նվիրական սիրո շնորհիվ:


Թանկագի՛ն հայրենակիցներ,
Մենք հպարտ ենք, որ Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի պանծալի հաղթանակները կերտած մեր հերոս նախնիների հետնորդներն ենք, որ մեր երակներում հոսում է նրանց արյունը, և որ նրանց արիությամբ ոգեշնչված կերտեցինք մեր նորօրյա հաղթանակները:
Ավարայրից մինչև Սարդարապատ և Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է՝ լինել միասնական ու միակամ, կուռ ու անսասան, անել մեզնից կախված ամեն ինչ՝ հանուն Հայրենիքի ազատության ու անկախության, հանուն մեր սերունդների բարեկեցիկ ու երջանիկ ապագայի:


Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Թող հայ ժողովրդի հաղթանակները լինեն ամուր ու մշտական»:

Դիտվել է՝ 6601

Մեկնաբանություններ

: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am